Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Էլ ում է պետք այդ օրենքը

Էլ ում է պետք այդ օրենքը
22.12.2015 | 19:59

Նորություն ասած չենք լինի, որ հերթական անգամ փաստենք, թե ինչպիսի ճարտարապետական «աղետալի» վիճակում է Երևանը: Մայրաքաղաքի դեմքն ու կոլորիտը վաղուց հարմարեցվել են օլիգարխների կամ ավելի ստույգ, անսպասելի հարստացած, ժամանակակից քաջնազարների քիմքին: Քանդվել ու հիմնահատակ ոչնչացվել են կառույցներ և տեղը վեր են «խոյացել» ինչ-որ բիզնես-կենտրոններ, էլիտար շենքեր:

Թվում է, թե քաղաքն «այլանդակելու» էլ տեղ չի մնացել, բայց պարզվում է, հատուկենտ շինություններ դեռ կան, որոնք սպասում են իրենց հերթին:
Այսօր ճարտարապետներն ասուլիս են տվել և նշել, որ եկող տարի վերջապես կընդունվի ճարտարապետության մասին օրենքը: «Բոլորին չէ, որ օրենքը ձեռնտու է: Բիզնեսով զբաղվողներին քաոսն է ձեռնտու, իսկ օրենքը մշակույթը պահպանելու համար զսպողական մեխանիզմներ է ստեղծում: Այսօր ամեն ինչ այնքան սերտ է կապված փողի շրջանառության հետ, որ բարոյական հարցերը երկրորդ պլանում են: Մենք շատ պատահաբար ենք իմանում, թե Երևանում որտեղ ինչ է «ծլելու»: Այնքան անկառավարելի է այդ ամենը, որ կանխարգելելը ժամանակավրեպ է դառնում»,- նշեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը: Իհարկե, լավ է, որ ճարտարապետության հստակ չափորոշիչներ են գործելու, բայց էլ ի՞նչ մնաց Երևանում, որ օրենքով կարգավորվի: «Ավերակների վրա ինչպես թագավորեմ»: Թե օրենքը լեզու ունենար, այս խոսքերը հաստատ կհիշեցներ: Որտեղ «յուղոտ» կամ գեղեցիկ կոթող կար, արդեն իր հասցեատերն ունի, ով իր պատկերացումների շրջանակում վերաձևել է այն:
«Մազապուրծ» շինություններից է «Զվարթնոց» օդանավակայանը, որը, անկասկած, առաջիկայում կհամալրի «տուժած» կառույցների շարքը, քանի որ պատվիրատուն պահանջում է քանդել այն, իսկ դրա «հակառակորդները» լծակ չունեն նրա դեմ պայքարելու: Ավելի անմխիթար վիճակում է երբեմնի Երիտասարդական պալատը, որը մի օրում քանդվեց, բայց խիստ անորոշ է` տեղում երբ ու ինչ կկառուցվի:
Մեզանում սովորաբար այսպես է, շատ հեշտությամբ, մի «փայտիկով»` անհասկանալի որոշմամբ, քանդվում, ավերվում է ամեն ինչ, արժեքներից սկսած, բայց տասնյակ տարիներ են հարկավոր, որ դրա վնասները չեզոքացվեն ու նոր ռելսերի վրա դրվի երկիրը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1683

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ